27.03.2025|
09:35
Այս խորագրով հանրային հարթակում տարբեր արվեստագետների հորդոր-ուղերձ է հղել հայերենագետ, լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանը: Նախքան բուն նյութին անցնելը մատնանշենք, որ Հրաչ Մարտիրոսյանը հայերենագիտության և ընդհանուր լեզվաբանության ոլորտի արդի ակնառու հայ գիտնականներից է, որ կարևոր ներդրում ունի հայոց լեզվի ուսումնասիրության, ստուգաբանության (էտիմոլոգիայի) և պատմական լեզվաբանության մեջ։ «Նիդերլանդական օրագիրը», որ երբեմն անդրադառնում է սփյուռքի հայ անվանի ու ճանաչված մարդկանց, արդեն պատմել է Հրաչ Մարտիրոսյանի մասին: Այժմ նա լեզվագիտական հետազոտական մի նախագծով գտնվում է Գերմանիայի Դաշնային հանրապետության Վյուրցբուրգ քաղաքում ու չնայած դրան հասցնում է հեռակա դասընթացներ վարել: Նրա գիտական աշխատանքները հատկապես վերաբերում են հայերենի ծագմանը, հնդեվրոպական լեզվաընտանիքի այլ լեզուների հետ կապերին, ինչպես նաև բառերի ստուգաբանությանը։ Մարտիրոսյանը հեղինակել է կարևորագույն աշխատություններ, այդ թվում՝ Etymological Dictionary of the Armenian Inherited Lexicon (2010), որը համարվում է հայերենի ստուգաբանության հիմնարար գործերից մեկը։ Այս աշխատությունում նա վերլուծում է հայերեն ժառանգական բառապաշարի արմատները և դրանց կապը հնդեվրոպական նախալեզվի հետ, բառարանը լայնորեն օգտագործվում է հայերենի և հնդեվրոպական լեզուների ուսումնասիրության ոլորտում։